fbpx
Skip links

Կիրիտ Վելանիի Անվան Կրթաթոշակներ Վահե Մելիքսեթյան Հիմնադրամից

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը շարունակում է իր ավանդույթը՝ խրախուսելու և աջակցելու Հայաստանի դեղագիտական համայնքի երիտասարդ և խոստումնալից մասնագետներին։ Այս տարի Հիմնադրամի ամենամյա կրթաթոշակային ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 8 ուսանողներ և օրդինատորներ կստանան ընդհանուր առմամբ 3 միլիոն ՀՀ Դրամի կրթաթոշակներ։

2025-2026 ուսումնական տարում կրթաթոշակի շահառուներն են՝

  1. Էլեն Մուրադյան, ԵՊՀ
  2. Լիլիթ Չոբանյան, ԵՊՀ
  3. Անի Պահլավունի, ԵՊԲՀ
  4. Արևիկ Այվազյան, ԵՊԲՀ
  5. Արփինե Գրիգորյան, ԵՊԲՀ
  6. Արփինե Մոսոյան, ԵՊԲՀ
  7. Էլեն Մանուկյան, ԵՊԲՀ
  8. Ժենյա Մարտիրոսյան, ԵՊԲՀ

Այս տարվա անվանական կրթաթոշակները հանձնվեցին ի հիշատակ Հայաստանի մեծ բարեկամի՝ ԿլինՉոյս պայմանագրային հետազոտական կազմակերպության (ՊՀԿ) պատվավոր տնօրեն, լուսահոգի Կիրիտ Վելանիի։

Վահե Մելիքսեթյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց.

«Կիրիտ Վելանին այն եզակի մարդկանցից էր, ով կարողացավ յուրացնել հայկական ավանդույթները՝ միաժամանակ պահպանելով իր հնդկական ինքնությունը։ Իսկ 2020 և 2023 թվականների ողբերգական իրադարձությունների ժամանակ Կիրիտ Վելանին շատ ու շատ հայերից ավելի հայ գտնվեց։ Այսօր մենք անվանական կրթաթոշակներ տրամադրելով՝ հարգանքի տուրք ենք մատուցում»։

ԿլինՉոյս ՊՀԿ գործադիր տնօրեն, բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր խոսքում նշեց.

«Ինչպես մեր անմահ հերոս Վահե Մելիքսեթյանը, այնպես էլ մեր երջանկահիշատակ տնօրեն, պարոն Կիրիտ Վելանին ի վերուստ օրհնված էին մի սքանչելի շնորհով. երկուսն էլ անհուն բարեգթության տեր և բոլորին անձնուրացորեն օգնության հասնելու անհագ ցանկությամբ տոգորված մարդիկ էին: Եվ մեզ համար մեծ պատիվ է, որ բախտ ենք ունեցել, թեև ոչ այնքան երկար, որքան կցանկանայինք, աշխատել նրանց հետ կողք-կողքի և սովորել նրանցից: ԿլինՉոյսի անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Վահե Մելիքսեթյան հիմնադրամին՝ մեր պատվարժան տնօրենի ավանդը հիշելու և նրա անմար հիշատակը վառ պահելու համար: Մեր սիրելի անվանական թոշակառուներին էլ սրտանց շնորհավորում ենք այս բարձր պատվին արժանանալու կապակցությամբ՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ուսման մեջ և խոշորագույն նվաճումներ մասնագիտական կյանքում:»

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։ 5 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան 45 միլիոն ՀՀ դրամի ներդրում է կատարել Հայաստանի կրթական և գիտահետազոտական ոլորտներում։