Դեղաբուժության ժամանակակից մոտեցումներին նվիրված գիտաժողով Երևանում
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը, «Ազգային բժշկական պալատը» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցիացիան» համատեղ կազմակերպում են գիտաժողով՝ «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով: Միջոցառումը տեղի կունենա 2024թ. հուլիսի 12-ին, Երևանի Իբիս հյուրանոցի Արարատ սրահում:
Գիտաժողովը նախատեսված է ընտանեկան բժիշկների, թերապևտների և դեղագետների համար և ներկայացվել է ՀՀ Առողջապահության նախարարության շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտավորման համար:
Գիտաժողովի նպատակն է ակտուալ տեղեկատվություն տրամադրել առողջապահական ոլորտի վերջին զարգացումների, դեղաբուժման նոր կլինիկական տվյալների, ինչպես նաև ամբուլատոր պայմաններում բուժվող քրոնիկ հիվանդություններ ունեցող բուժառուների խնամքի լավագույն փորձի մասին: Կարևոր զեկույցներով հանդես կգան փորձառու մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Շվեդիայից:
Գիտաժողովի կազմակերպիչների մասին
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։
Ազգային բժշկական պալատը ՀՀ ամենամեծ մասնագիտական միությունն է։ Պալատին անդամակցում են մի քանի հազար բուժաշխատողներ Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններից։ Միայն վերջին երկու տարվա ընթացքում պալատի կողմից իրականացված և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված ՇՄԶ կրթական ծրագրերի շնորհիվ վերապատրաստվել են շուրջ 12․000 բուժաշխատողներ։
Հայ—ամերիկյան դեղագետների ասոցիացիան ստեղծվել է 1981թվականին: Այն սոցիալական-բարեգործական ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել հայկական արմատներով դեղագետներին, ստեղծել նոր կապեր, ֆինանսավորել և կրթել ՀՀ առողջապահական համակարգում աշխատող մասնագետներին: