fbpx
Skip links

Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի 6 աշակերտ կրթաթոշակ կստանա

Արդեն չորրորդ տարին անընդմեջ “Վահե Մելիքսեթյան” կրթաբժշկական հիմնադրամի նախաձեռնությամբ անվանական կրթաթոշակներ են տրամադրվում Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի ավարտական դասարանների տաղանդավոր աշակերտներին: Ընդհանուր առմամբ հիմնադրամը 26 աշակերտ-շահառուների տրմադրել է 5,200,000 դրամի կրթաթոշակ:

Այս տարվա 6 շահառուներն են.

  1. Հալաջյան Մարիա Ալիկի
  2. Սարգսյան Մանե Էդգարի
  3. Անանյան Արեն Վահեի
  4. Բաբայան Մարթա Վալերիի
  5. Մանուկյան Դավիթ Արտակի
  6. Միտիչյան Լենա Համլետի

Անվանական կրթաթոշակի չափը յուրաքանչյուր աշակերտի համար ամսական 20.000 ՀՀ դրամ է կազմում և տրվելու է 2024-25 ուսումնական տարվա համար:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը նշում է, որ հիմնադրամը արժևորում է կրթությունը՝ լինի դա դպրոցական, թե համալսարանական: Նա նաև շնորհակալություն հայտնեց հիմնադրամի բոլոր աջակիցներին, մասնավորապես՝ Իմաստ հարթակին՝ հիմնադրամի կրթաթոշակային ֆոնդի համալրմանը աջակցելու համար:

Իմաստ հավելվածի հիմնադիր-տնօրեն Հայկ Հայրապետյանը վստահեցնում է, որ այսպիսի նախաձեռնությունները հնարավորություն են տալիս միկրոնվիրաբերողների համայնքին անգնահատելի ներդրում կատարել Հայաստանի զարգացման գործում, քանի որ խրախուսելով մեծ ներուժ ունեցող անհատներին՝ նրանք նաև սնուցում են աշակերտների բարձր ձգտումները, որոնք հետագայում նպաստելու են իրենց բակի, համայնքի և երկրի զարգացմանը։

Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլին դպրոցը անվանակոչվել էր 44-օրյա պատերազմի հերոս, ԵՊԲՀ դասախոս, դպրոցի ոսկե մեդալակիր Վահե Մելիքսեթյանի անունով:

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։

Իմաստ հավելվածը ստեղծվել է 2023 թվականին՝ Հայաստանում բարեգործական ոլորտը թվայնացնելու, ավելի թափանցիկ և վստահելի դարձնելու համար։ Հավելվածի ստեղծման գաղափարն առաջացել է 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Հայկ Հայրապետյանը, գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս, փորձել է օգնել իր հայրենիքին։ Իսկ հիմա, հավելվածը հնարավորություն է տալիս աշխարհասփյուռ հայությանը օգնել հավելվածում տեղ գտած ստուգված և վստահելի բարեգործական կազմակերպություններին շատ պարզ, արագ և անվտանգ եղանակով։