Որ Վահեի նպատակները կիսատ չմնան․ Նկարիչների միությունում բարեգործական ցուցահանդես է բացվել
«Բացի այն, որ յուրաքանչյուրս մեր գործը պիտի լավ անենք, նաեւ պիտի փորձենք մեր եղբայրների կիսատ թողած գործերը շարունակել, որովհետեւ դա է միակ տարբերակը նոր հաղթանակներ ունենալու»,- ասում է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի եղբայրը՝ Սարգիս Մելիքսեթյանը, որը բարեգործական ցուցահանդես-վաճառք է նախաձեռնել՝ եղբոր մասնագիտական ոլորտում ֆինանսական միջոցներ ներգրավելու համար։ Վահեն կլինիկական դեղագետ է եղել, գիտնական, ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, սակայն պատերազմում բազմաթիվ կյանքեր փրկելու ճանապարհին զոհել է սեփական կյանքը։ Այժմ Սարգիսը փորձում է շարունակել եղբոր կիսատ թողած գործը՝ ստեղծելով «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը։
Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդես-վաճառքը մեկն է այն ծրագրերից, որ իրականացնում է հիմնադրամը՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու եւ հիմնադրամի առջեւ դրված նպատակներն իրագործելու ուղղությամբ։ Ներկայացված մոտ հինգ տասնյակ աշխատանքները տրամադրել են հայ նկարիչներն ու քանդակագործները՝ իրենց ներդրումն ունենալով կազմակերպված բարի գործում։
Ավելին՝ Bravo.am