«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը մասնակցեց Armenian Medical World Congress 2025-ին
Հուլիսի 3-5-ը «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը մասնակցեց Մադրիդում անցկացվող Հայկական բժշկական միջազգային կոնգրեսին (Armenian Medical World Congress 2025):
Շարունակելով աշխատել հանուն ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացման և բժշկական համայնքում իրազեկվածության բարձրացման, կոնգրեսի ընթացքում Հիմնադրամը հանդես եկավ կարևոր ելույթներով՝ կիսվելով կլինիկական դեղագիտության ոլորտում միջազգային փորձով և ՀՀ-ում այն ներդնելու հեռանկարներով:
Հիմնադրամը հանդես եկավ «ՀՀ առողջապահության վերափոխումը․ կլինիկական դեղագետների ռազմավարական ինտեգրումը» թեմայով սիմպոզիումով և պանելային քննարկմամբ, որն ուղղված էր կլինիկական դեղագետների դերի ու ներուժի բացահայտմանը՝ որպես առողջապահական բարեփոխումների հիմնասյուն։ Պանելային քննարկման խոսնակներ Ռիմա Բագրատյանը, Իրինա Պապիեվան, Գարո Սաֆայանը, Յուրի Կիսելյովը, Սեդա Բողոսյան-Թիղեն և Սարգիս Մելիքսեթյանը անդրադարձ կատարեցին կրթական բարեփոխումների, քաղաքական և օրենսդրական մեխանիզմների ուսումնասիրությունների, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերլուծությանը՝ Հայաստանում կիրառելու նպատակով։ Առանձին զեկույցներով հանդես եկան առաջատար մասնագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, ինչպես նաև ԱՀԿ-ից (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն):
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի մասին
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, և պարզապես հայրենասեր ու օրինակելի հայի՝ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։ 4 տարվա ընթացքում Հիմնադրամը ՀՀ կրթական և գիտահետազոտական ոլորտներում իրականացրել է ավելի քան 41,000,000 ՀՀ դրամի ներդրում:
Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի մասին (AMWC2025)
AMWC2025-ը միջազգային նշանակության միջոցառում է, որի նպատակն է համախմբել Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը կամ այդ ոլորտում ներդրումներ կատարելու հարցերով հետաքրքրված անձանց, կազմակերպությունների և հաստատությունների՝ պետական և մասնավոր հատվածներից, ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ սփյուռքից։