Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի 7 աշակերտ կրթաթոշակ կստանա
“Վահե Մելիքսեթյան” կրթաբժշկական հիմնադրամը ամենամյա անվանական կրթաթոշակներ է տրամադրվում Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի ավարտական դասարանների տաղանդավոր աշակերտներին։
Ընդհանուր առմամբ հիմնադրամը 5 տարվա ընթացքում 33 աշակերտ-շահառուների տրամադրել է 6.600.000 ՀՀ Դրամի կրթաթոշակ:
Այս տարվա 7 շահառուներն են.
- Դավիթ Պողոսյան
- Գրիգորի Վարդանյան
- Աննա Սահակյան
- Սամվել Գրիգորյան
- Միլենա Հովասափյան
- Յանա Հովհաննիսյան
- Նատալի Շաքարյան
Անվանական կրթաթոշակը տրամադրվելու է 2025-2026 ուսումնական տարվա համար և կազմում է ամսական 20.000 ՀՀ Դրամ։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը նշեց, որ հիմնադրամը արժևորում է կրթությունը՝ լինի դա դպրոցական, թե համալսարանական: Նա նաև շնորհակալություն հայտնեց հիմնադրամի բոլոր աջակիցներին, մասնավորապես՝ IMAST հարթակին, հիմնադրամի կրթաթոշակային ֆոնդի համալրմանը աջակցելու համար:
IMAST հավելվածի հիմնադիր-տնօրեն Հայկ Հայրապետյանը վստահ է, որ Հայաստանի ապագան էականորեն կփոխվի, եթե փոխվի աշակերտների, ուսուցիչների և բոլոր քաղաքացիների վերաբերմունքը կրթության նկատմամբ, և այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ միայն տեղի կունենա այդ փոփոխությունը․ երբ դպրոցի լավագույն աշակերտները ոչ թե կպիտակավորվեն իրենց գերազանցության ձգտման համար, այլ կգնահատվեն և կընկալվեն որպես օրինակ։
Հիշեցնենք, որ Վանաձորի թիվ 28 դպրոցը 2021թ. ապրիլին անվանակոչվել էր 44-օրյա պատերազմի հերոս, ԵՊԲՀ դասախոս, դպրոցի ոսկե մեդալակիր Վահե Մելիքսեթյանի անունով:
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։ 4 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան 41 միլիոն ՀՀ Դրամի ներդրում է կատարել ՀՀ կրթական և գիտահետազոտական ոլորտներում։
IMAST-ն առաջին բարեգործական հավելվածն է Հայաստանում։ Այն ստեղծվել է 2023 թվականին սոցիալական ձեռնարկատեր Հայկ Հայրապետյանի գլխավորությամբ, իսկ ստեղծման գաղափարը առաջացել է դեռ 2020 թվականին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, երբ Հայկը զգացել է, որ աշխարհասփյուռ հայությունը ունի նման հարթակի կարիք՝ ցանկության և հնարավորության դեպքում հայկական լավագույն և ազդեցիկ նախագծերին աջակցելու համար։