fbpx
Skip links

«Մի դրամի ուժը» ուժ կտա «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամին

44-օրյա պատերազմի ընթացքում Վահե Մելիքսեթյանը զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս և մինչև կյանքի վերջին ակնթարթը բժշկական օգնություն ցուցաբերեց վիրավոր զինվորներին: Դեղագետ Վահեն գիտությամբ էր զբաղվում և ցանկանում էր Հայաստանում ներդնել կլինիկական դեղագետի մասնագիտությունը, բայց պատերազմը կոտրեց նրա՝ թռիչքի պատրաստ թևերը: Հիմա հարազատները փորձում են ամեն գնով իրականացնել Վահեի անկատար նպատակները. այս հարցում նրանց առաջինը ձեռք մեկնողներից եղավ «Մի դրամի» ուժը նախաձեռնությունը. օգոստոս ամսվա շահառուն Վահեի անունով ստեղծված հիմնադրամն է:

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հիմնական ուղղությունը ի սկզբանե կրթությունն էր, պատերազմից հետո բանկի և «Իդրամ»-ի  ուշադրության կենտրոնում հայտնվեցին զինծառայողներն ու նրանց ընտանիքները: Վահեն գիտնական էր, դասախոս, այսօր իր գործը շարունակում է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը. այն կրթաբժշկական է և հենց այդ պատճառով էլ որոշեցինք աջակցել հիմնադրամին»,- հայտնեց «IDBank»-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը:

Վճարում կատարելով «Idram» և «IDBank» հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ երկու ընկերությունների տերմինալներով՝ հաճախորդները կարող են դառնալ բարի գործի անմիջական մասնակիցը՝ առանց նույնիսկ 1 ավելորդ դրամ ծախսելու, քանի որ յուրաքանչյուր վճարումից մեկ դրամ ուղղվում է ծրագրի շահառուներին ու հույսի միջոց դառնում:

«Մի դրամի ուժը» նախաձեռնության փոխանցվելիք գումարով ծրագրել ենք այս կրթական տարվա սկզբից Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի կլինիկական ֆարմացիայի լավագույն օրդինատորներին անվանական կրթաթոշակ տրամադրել, նաևնախատեսում ենք օրենսդրական փոփոխությունների միջոցով դաշտը կարգավորել և որպես վերջնանպատակ ունենալ հիվանդանոցային օղակում կլինիկական դեղագետի հաստիքներ», — տեղեկացրեց Վահեի ավագ եղբայր Սարգիս Մելիքսեթյանը, ով նաև «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի տնօրենն է: