fbpx
Skip links

«Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգ՝ նվիրված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 35-ամյակին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը և «C-squared» ընկերությունը ներկայացրեցին «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 35-ամյակին։

Համերգը կայացավ նոյեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին‚ Արամ Խաչատրյան համերգասրահում: Բարեգործական համերգի շրջանակներում հնչեցին մաեստրո Տիգրան Մանսուրյանի սիրված կինոմեղեդիները։ Համերգի հատուկ հյուրն էր հայտնի երգիչ, երգահան Գոռ Սուջյանը, ով եզրափակեց համերգը Վահե Մելիքսեթյանի հիշատակին նվիրված «Ելար» երգով։

Համերգից գոյացած ողջ հասույթը կուղղվի «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի կրթաբժշկական ծրագրերին՝ Արցախից բռնի տեղահանված ուսանողներին աջակցելու նպատակով։

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է Սերգեյ Սմբատյանի կողմից, որը նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մինչ օրս։ Իր գոյության սկզբից ի վեր նվագախումբը մեկ հարկի տակ հավաքել է դասական երաժշտության նվիրյալների, որոնց մշտապես միավորել է Հայաստանում մշակութային իրազեկության ընդլայնման և դասական երաժշտության զորությամբ մարդկանց ներաշխարհի հոգևոր կատարելագործման առաքելությանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս հարուստ ու բազմազան երկացանկով, ինչպես նաև տարբեր ժանրեր ու կատարողական ձևաչափեր ընդգրկող տարեկան ավելի քան 50 համերգով։

C-Squared-ը միջազգային մեդիա ստուդիա է, որը կարողանում է արդի տեխնոլոգիաների օգտագործմամբ ձևափոխել տարածությունը՝ մարդկանց իրականությունից տեղափոխելով կախարդական աշխարհ։ Օգտագործելով AR\VR համակարգեր, հոլոգրամներ, 3D մափինգ, լուսային և լազերային էֆֆեկտներ և այլ ժամանակակից լուծումներ C-Squared-ը կարողանում է մարդկանց կտրել իրականությունից և հիշարժան սարքել ամեն իրադարձություն։